Ադրբեջանին զիջումներ անելը նրան ավելի է սանձարձակ դարձնելու, իսկ Ալիևը փորձելու է Սյունիքը գրավել ու կտրել հայ-իրանական սահմանը: Նման տեսակետ արտահայտելով՝ իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը հակադարձել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանի վերջին հոդվածին:
«Պարոն Փաքայինն [խմբ.՝ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան] առաջարկում Է Արցախի 120 հազար հայերին նվիրել Ալիևին, որ կանխարգելվի Բաքվի հանրապետության մասնատումը: Այս փաստարկի տրամաբանությունը ո՞րտեղ է»,- շեշտել է Մովահեդիանը:
Մովահեդիանը նշել է, որ Բաքուն է, որն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմն ու հայերին ցեղասպանությամբ սպառնում:
Նրա խոսքով՝ ագրեսոր Բաքվին զիջումներ անելը նրան ավելի է սանձարձակ դարձնելու, և Ալիևը փորձելու է Սյունիքը գրավել ու կտրել հայ-իրանական սահմանը:
Նշենք, որ ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցում հրապարակվել էր Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինի հոդվածը: Որպես հայ-ադրբեջանական հակամարտության լուծում՝ նախկին դեսպանն առաջարկել էր, որ «Հայաստանը հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մի մաս»: