ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ջերմ մթնոլորտում Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը պատմել է իր ծավալած գործունեության, մասնավորապես, Արաբական երկրների լիգայի հովանու ներքո գործող արաբ կին գործարարների խորհրդի (Arab Council of Businesswomen) մասին:
Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեության, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին: Ներկայացնելով արշավի նպատակը՝ Աննա Հակոբյանը շեշտել է, որ խաղաղությունը բացարձակ արժեք է, և եկել է այն պահը, որ կանայք պետք է համախմբվեն՝ հանուն խաղաղության:
Զրույցի ընթացքում Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը պատմել է Հայաստան իր այցելությունների մասին՝ շեշտելով, որ յուրաքանչյուր անգամ առանձնահատուկ ջերմությամբ է այցելում: Վերջինս պատմել է ազգությամբ հայ տատիկի՝ Եղիսաբեթի մասին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ժամանակ Զեյթունում ապրող իր տատիկը բռնել է գաղթի ճամփան և հասել է Դեր Զորի անապատ, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի պապիկին: Քուվեյթի 14-րդ Էմիրի դուստրը պատմել է, որ հայուհի տատիկն իր կյանքում շատ մեծ դեր է խաղացել, և անընդհատ մղել է արքայադստերը կրթվել և պայքարել նպատակներին հասնելու համար: