Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի՝ Իրան այցին:
«Այս այցը երկկողմ հարաբերությունների շրջանակներում է և Ամիր Աբդոլլահիանի Երևան այցին պատասխան այց է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քանանին:
Ըստ խոսնակի՝ Իրանի ու Հայաստանի համագործակցության ոլորտները բազմազան են՝ այդ թվում էներգետիկա, տարանցում, տնտեսություն, հյուպատոսական կապեր:
«Կողմերի միջև այսօր լավ երկխոսություն է լինելու: Երկկողմ տարածաշրջանային համագործակցության առումով էլ Հարավային Կովկասի հարցերն Իրանի համար շատ կարևոր են:
Հարևանների միջև հակասությունների խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելն Իրանի համար կարևոր է»,- շարունակել է Քանանին:
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցություններին՝ շեշտելով, որ ողջունում է խաղաղ բանակցությունները կայուն խաղաղության հասնելու համար: Ըստ նրա՝ Իրանը ևս պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: