ՀԱՄԱՍ-ից երկար ժամանակ կպահանջվի Իսմայիլ Հանիյեին փոխարինելու համար: Նման տեսակետ է հայտնել լիբանանցի փորձագետ, Մերձավոր Արևելքի հարցերով վերլուծաբան Սամի Նադերը Aljazeera-ի հետ զրույցում:
Փորձագետի խոսքով՝ Հանիյեն ՀԱՄԱՍ-ին «ժամանակակից կերպար» է տվել և կարողացել է բարելավել հարաբերությունները արաբական շատ պետությունների հետ, որոնց հետ լարվածություն է եղել: Բացի այդ՝ Հանիյեն կարևոր դեր է խաղացել Գազայում հրադադար հաստատելուն ուղղված բանակցություններում:
Վերլուծաբանը հավելել է, որ Հանիյեի իրավահաջորդի ընտրությունն ավելի կբարդանա պայմանավորված այն փաստով, որ նրա տեղակալ Սալեհ ալ-Արուրին ևս սպանվել է սույն թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի գիշերը ժամը 2:00-ին Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն: Նա Թեհրան էր ժամանել՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: ՀԱՄԱՍ-ը և իրանական կողմը սպանության պատասխանատու են տեսնում Իսրայելին: Իսրայելական կողմը պաշտոնական որևէ մեկնաբանություն չի կատարել այս միջադեպի առնչությամբ: