Թեհրանը տեղեկություն է ստացել իսրայելական հնարավոր հարվածի մասին հարձակմանը նախորդող երեկոյան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ շեշտելով, որ երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ հարձակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Մենք հարձակման հավանականության մասին ազդանշաններ էինք ստացել հարձակմանը նախորդող երեկոյից ի վեր, ինչը թույլ տվեց մեզ վստահ լինել հարձակման մեջ։ Տարբեր կողմերի հետ նաև հաղորդագրություններ են փոխանակվել, և մինչև հարձակումը մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցառումները և կատարել ենք մեր պարտականություններն այս առնչությամբ», – ասել է Արաղչին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստում։
Իրանի արտգործնախարարը նախազգուշացրել է, որ Թեհրանը կպատասխանի հարձակմանը։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին, և դա կարվի համապատասխան ժամանակին», – հավելել է Արաղչին։
Հոկտեմբերի 27-ին Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել էր, որ Իրանի իշխանությունների համար լիովին պարզ է, որ Միացյալ Նահանգները մեղսակից է Իսրայելի գործողություններին: Նրա խոսքով՝ հարձակումն իրականացնելու համար Իսրայելն օգտագործել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող օդային տարածքը։ Բացի այդ, ըստ Արաղչիի, Վաշինգտոնը նախկինում պաշտպանական տեխնիկա է տրամադրել Իսրայելին։
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան էր հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների: Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։ Իրանում հայտնել էին, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։