Երևանում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության կայքէջը:
Առանձնազրույցի ընթացքում կողմերը շեշտել են երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևորությունը և քննարկել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում նախատեսված հարցերը։
Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում առկա իրավիճակին և խաղաղության գործընթացի ընթացքին։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և աջակցելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը, ինչը կարևոր նախադրյալ է երկրների հետագա զարգացման համար։
Կողմերը նաև ընդգծել են տարբեր ձևաչափերով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունն ու բազմաբնույթ սերտ համագործակցությունը, ինչը նպաստում է երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստը կնպաստի երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը և այս ուղղությամբ առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։
Իրակլի Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Վրաստան։







