Թուրքիայի հայ համայնքը, որը ներկայումս կազմում է երկրի երեք պաշտոնապես ճանաչված փոքրամասնություններից մեկը, կանգնած է իր ինքնության և մշակութային ժառանգության պահպանման լուրջ մարտահրավերների առջև: Ստամբուլում բնակվող շուրջ 50,000 հայերի կրթական իրավունքները, թեև ամրագրված են միջազգային պայմանագրերով, գործնականում բախվում են մի շարք խոչընդոտների:
Այսօր Ստամբուլում գործում են 16 հայկական դպրոցներ: Սակայն պատմական զարգացումները և վերջին տասնամյակների քաղաքական միտումները հանգեցրել են այս դպրոցների դերի և ազդեցության նվազման:
«Հրանտ Դինք» հիմնադրամի վերջին զեկույցի համաձայն՝ 2021-2022 ուստարում հայկական դպրոցներում սովորում էր 3,016 աշակերտ, իսկ 2022-2023 ուստարում՝ 2,865 աշակերտ, ինչը ցույց է տալիս տարեկան 5% անկում: Աշակերտների թվի նվազումը կապված է նաև հայ երեխաների ընտրությամբ թուրքական դպրոցներ հաճախելու հետ, քանի որ վերջիններիս ուսուցումը նպաստում է համալսարան ընդունվելուն։ Բացի այդ, Թուրքիայի որոշ համալսարաններում հայոց լեզվի բաժինները դասավանդում են արևելահայերենով, մինչդեռ համայնքի լեզուն արևմտահայերենն է։
Հարկ է նշել, որ հայկական դպրոցները գործում են յուրահատուկ կարգավիճակով։ Դրանք ձևականորեն համարվում են մասնավոր հաստատություններ, սակայն գործնականում ենթարկվում են պետական խիստ վերահսկողության: Դպրոցները պարտադրված են ընդունել պետության կողմից նշանակված վարչական ու մանկավարժական անձնակազմ: Մասնավորապես՝ դպրոցներում հայկական տնօրինությունից բացի, նշանակվում են թուրք փոխտնօրեններ և ուսուցիչներ՝ թուրքական պատմություն, գրականություն, աշխարհագրություն և թուրքերեն դասավանդելու համար։ Այդ անձինք ունեն դպրոցի վրա վերահսկողություն սահմանելու և ճնշումներ կիրառելու գործառույթ։
Դպրոցները չեն ստանում պետական ֆինանսավորում և գործում են համայնքային հիմնադրամների և նվիրատվությունների միջոցով։
Ֆինանսական միջոցների սղությունը ևս հանգեցնում է հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման և դասավանդման նյութերի պակասի։ Կարևոր խնդիրներից մեկը դպրոցներում դասավանդվող պատմության դասագրքերն են, որոնք ուղղված են հայկական ինքնության մոռացմանը։ Դասագրքերում հայերից խոսվում է որպես թշնամի, դավաճան, մարդասպան, ահաբեկիչ, ինչը ազդում է հայ համայնքի անդամների պատկերացումների վրա և խոչընդոտում սեփական պատմության ճանաչմանը։
Այս թեմայով «Region Monitor»-ը զրուցել է Ստամբուլում գործող հայկական դպրոցներում երկարամյա փորձ ունեցող մանկավարժի՝ Արմեն Սարուխանյանի հետ։ Զրույցում նա ներկայացրեց այն խնդիրները որոնք ներկայումս կանգնած են հայկական դպրոցների առջև:
«Թուրքիայում հայության նվազող բնակչության պատճառով աշակերտների թվի նվազումը մեր հիմնական խնդիրներից մեկն է», — նշում է նա։ «Տնտեսապես բարեկեցիկ պայմաններում գտնվող որոշ ընտանիքների՝ իրենց երեխաներին հայկական դպրոց չուղարկելը նույնպես մեծ ազդեցություն ունի աշակերտների թվի կրճատման վրա։ Կան նաև ընտանիքներ, որոնք իրենց երեխաներին օտար դպրոցներ են ուղարկում, որպեսզի հետագայում արտերկրում բարձրագույն կրթություն ստանան։ Բացի այդ, համայնքում մայրենի լեզվուն գնալով ավելի քիչ է կիրառվում և դա սահմանափակում է դպրոցների դերը՝ մեր լեզուն ու մշակույթը աշակերտներին փոխանցելու գործում»:
Արմեն Սարուխանյանը նաև ընդգծեց, որ հայկական դպրոցների դասավանդման գործընթացում առկա են մի շարք դժվարություններ. «Ուսուցիչներ ներգրավելու և պատրաստելու, ինչպես նաև տարբեր կարողություններով երեխաների համար դպրոցների բազմազանեցման անհրաժեշտությունը նույնպես մնում է չլուծված խնդիրներից մեկը։ Մեր դպրոցներում հայոց պատմությանը նվիրված առանձին դաս չկա։ Աշակերտները պատմություն ուսումնասիրում են նախարարության կողմից պատրաստված դասագրքերով։ Կան հայերեն և հայ գրականության դասեր, սակայն հայերենի՝ որպես առօրյա լեզվի օգտագործումից դուրս մնալու պատճառով, աշակերտների հետաքրքրությունը այդ առարկաների նկատմամբ նվազել է։ Հատկապես ավագ դպրոցի վերջին տարիներին, համալսարանի ընդունելության քննություններին պատրաստվելու պատճառով, նշված առարկաները երկրորդական դեր են ստանում»,-նշեց նա։
Հարկ է նշել, որ առօրյայում հայերենի կիրառման նվազումը, երիտասարդ սերնդի շրջանում լեզվական հմտությունների անկումը և արևմտահայերենի զարգացման սահմանափակ հնարավորությունները մեծացնում են ուծացման վտանգը: Մտահոգիչ միտումներ են նաև
մշակութային ասիմիլյացիան և համայնքային կապերի թուլացումը։
Ամփոփելով կարելի է ասել, որ Թուրքիայի հայկական դպրոցները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Պետության կողմից ցուցաբերվող սահմանափակ աջակցությունը ու իշխանությունների վերահսկողությունը զգալիորեն խոչընդոտում են համայնքի ինքնության պահպանմանն ու ապագայի հուսալի զարգացմանը։ Աշակերտների թիվը նվազում է՝ հիմնականում թուրքական դպրոցների առավելությունների պատճառով, իսկ դասագրքերը և դասավանդման մոտեցումները խոչընդոտում են հայկական ինքնության պահպանմանը։
Հ․Գ․Ստամբուլում գործում է նաև «Հրանտ Դինք» դպրոցը, որը ուսուցում է իրականացնում Թուրքիա գաղթած Հայաստանի քաղաքացիների երեխաների համար, սակայն իշխանությունների ճնշումների հետևանքով վերջիններին չեն տրվում նույնիսկ ավարտական վկայականներ: