Մարտի 19-ին Թուրքիայի դատարանը պաշտոնապես ձերբակալեց Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին և մինչև դատավարության ավարտը դատապարտեց կալանքի։ Սրանից հետո Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին։ Թուրքիայում կատարվող դեպքերի ու դրանց հետևանքների մասին կզրուցենք թուրքագետ Էլեն Քոքչյանի հետ։
Ըստ Ձեզ, ինչու՞ այս պահին ձերբակալվեց Իմամօղլուն՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայում նոր ընտրությունները նախատեսված են 2028 թվականին։
-Շնորհակալություն հարցի համար։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը տեղի է ունեցել մի շարք հանգամանքների բերումով, որոնց մեծ մասն ունեն քաղաքական ենթատեքստ։ Պետք է նշել, որ ձերբակալությունը հաջորդել էր Ստամբուլի համալսարանի՝ վերջինիս դիպլոմը չեղարկելու և անվավեր ճանաչելու վերաբերյալ հայտարարությանը։ Ըստ Թուրքիայի օրենսդրության՝ նախագահի թեկնածուները պետք է ունենան բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ, առանց որի հնարավոր չէ թեկնածություն առաջադրել։ Ինչպես հայտնի է, ավելի վաղ Իմամօղլուն քաղաքական հայտ էր ներկայացրել ապագայում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ թուրքական իշխանությունները անմիջապես գործի դրեցին իրենց ողջ գործիքակազմը՝ վերացնելու բոլոր խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ հետագա ընտրություններում նախագահ Էրդողանի հաղթանակի համար։ Այսինքն, նման քայլերը ուղղված են քաղաքական մրցակիցներին թուլացնելուն կամ հասարակական կարծիքի վրա նրանց ուժեղ ազդեցությունը խաթարելուն: Իսկ դիպլոմի չեղարկումը, կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավվելու, ահաբեկչական կազմակերպությունն աջակցելու մեղադրանքները փաստում են, որ դրանք ուղիղ հարված են նրա քաղաքական իմիջին։
Եթե ամփոփենք նրա ձերբակալման հիմնական պատճառները, ապա կարող ենք ասել՝
· Իմամօղլուն հանդիսանում է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը
· Վարպետ է զանգվածներ հավաքելու գործում, ինչպես Էրդողանը
· Նպատակ կա վնաս հասցնել նրա քաղաքական հեղինակությանը և հետագա կարիերային
Բացի այդ, վերջինիս ձերբակալությունը ուղերձ է այն ընդդիմադիր կարկառուն գործիչներին, որոնք կհանդգնեն մրցակցության մեջ մտնել Էրդողանի հետ և խիստ քննադատության կենթարկեն ներկայիս իշխանություններին։
Սա ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիայի ընդդիմության հետագա գործունեության վրա։
-Իմամօղլուի ձերբակալությունը կարող է համերաշխություն ձևավորել ընդդիմադիր կուսակցությունների շրջանում։ Հնարավոր է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ միասնական դիրքորոշում որդեգրեն կառավարության դեմ և չի բացառվում առաջիկայում հանդես գան ավելի ուժեղ միասնական ընդդիմադիր ճակատով։ Դա, բնականաբար, կնպաստի, որ կուսակցություններն ավելի մեծ աջակցություն կստանան ընտրողների կողմից, չնայած իշխանությունների որոշ հաշվարկներին, որոնց մասին նշեցի նախորդ հարցում։
Պետք է նշել, որ միջազգային հանրության արձագանքները՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալության քաղաքական երանգավորման և վերջինիս զոհի կարգավիճակն ընդգծելու հետ, հնարավոր է իրենց նպաստն ունենան Իմամօղլուի հանրային աջակցության բարձրացման և ընդդիմության առավելությունների համար։
Ընդդիմությունը, եթե գործի միասնական ճակատով և առաջիկա նախագահական ընտրություններում սատարի Իմամօղլուի թեկնածությանը, ապա լուրջ ռազմավարություն պետք է մշակի։
Իհարկե, սա միանշանակ չէ, և կարող է լրիվ հակառակ պատկերը ստեղծել։
Ինչո՞վ է պայմանավորված եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ոչ բավարար արձագանքը։
-Թերի արձագանքը կարելի է բացատրել մի շարք քաղաքական, ռազմավարական և պրագմատիկ պատճառներով։ Ինչպես գիտենք, Թուրքիան աշխարհագրական և ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի և Միացյալ Նահանգների համար։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ Թուրքիան անվտանգության հարաբերություններ ունի Արևմուտքի հետ և առանցքային դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության հարցերում, հատկապես այնպիսի խնդրահարույց տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Կովկասը: Կարծում եմ, դա է պատճառը, որ արևմտյան երկրները և Միացյալ Նահանգները կարող են զերծ մնալ Թուրքիայի ներքաղաքական կյանքում միջամտություններ կատարելուց։ Բացի այդ, այդ երկրները Թուրքիայի հետ ունեն առևտրատնտեսկան կապեր։ Մտահոգություններ կան, որ արտաքին միջամտությունը Թուրքիայի ներքին քաղաքականությանը կարող է խթանել ազգայնական տրամադրությունները:
Թեև արևմտյան երկրները հաճախ են քննադատում Թուրքիային այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարական իրավունքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, այդ քննադատությունները հիմնականում մնում են դիվանագիտական տիրույթում։ Իմ կարծիքով, Արևմտյան երկրները Թուրքիայի համար կարևոր են համարում ներքին կայունության պահպանումը և տարածաշրջանային անվտանգության մեջ վերջինիս դերակատարության անխափան շարունակությունը: