Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդել է, որ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակմանը ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը արձագանքել են անմիջապես։ «Մեր պարտավորություններից բխող արձագանքը եղավ անմիջապես… ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը ներկայացրեց առաջարկ՝ դիտորդների ուղարկման մասին, բայց հայկական կողմը առաջարկեց հետաձգել համաձայնեցված տեքստի ստորագրումը», — հայտարարել է նա։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հակադարձել է՝ շեշտելով, որ «այս դեպքը հենց այն է, երբ կողմերը ունեն տարբեր մեկնաբանություններ»։ Նա հավելել է. «Ես շատ լավ հիշում եմ այդ իրադարձությունները, անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, որ ռուսական կողմը 2022 թվականի օգոստոսին հերթական անգամ միջնորդական առաջարկ ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահաբար բարի մտադրությունից ելնելով։ Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկներին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Արդեն օգոստոսի վերջին մենք հասկացանք, որ չկա միասնական դրական որոշում, իսկ սեպտեմբերի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ Իհարկե, մենք այս մասին տեղյակ պահեցինք Ռուսաստանին՝ որպես երկկողմ դաշնակից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում մեր ռազմական դաշնակիցներին։ Գործողությունները, որոնք դրան հետևեցին, գոհացուցիչ չէին Հայաստանի համար, իսկ արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 1991 դեկտեմբերից գործող և ստորագրված ընդհանուր ընկալումն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով, երկրները՝ մասնավորապես Հայաստանը և Ադրբեջանը, ընդունել են, որ ճանաչում են միմյանց սահմանները և տարածքային մաբողջականությունը Խորհրդային Միության փլուզման գործող սահմանների շրջանակներում»։







