Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելուց հետո կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
«Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն ու կարիք չկա:
Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն ունի նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ: Որպես ժամկետ էր նշվել 2027 թվականը:
«Մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա: Երբ պատրաստ լինի, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի: Բայց դա որևէ կապ չունի այս գործընթացի հետ (խմբ. նկատի ունի Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը): Չնայած ռազմավարական առումով դա կարող է նաև ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա»,-ասաց Փաշինյանը:







