Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հույս հայտնելով, որ նրա նախագահությունը կբերի խաղաղություն ու բարեկեցություն։
Նա ընդգծել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության վերականգնումը, որը, ըստ նրա, Բայդենի վարչակազմը խափանել է։
«Այս ֆոնի վրա ցավով պետք է արձանագրել, որ Ձեր վարչակազմը Վրաստանի հանդեպ պատշաճ ուշադրություն չի ցուցաբերում, ինչը կառավարությունների միջև լիարժեք արժեքային համընկնման պարագայում զարմանք է առաջացնում վրաց հասարակության շրջանում։ Այն հարցերը, որոնց վրա այսօր Ձեր վարչակազմը կենտրոնանում է, տարիներ առաջ բարձրաձայնում էր Վրաստանի իշխանությունը։ Սակայն, նույն աշխարհայացքի առկայության պայմաններում, որքան էլ զարմանալի լինի, Վրաստանի հարցում Ձեր վարչակազմի փոխարեն շարունակում է ակտիվ մնալ «Deep State»-ը, որը USAID-ի, NED-ի և նմանատիպ կազմակերպությունների միջոցով կիրառվող ավանդական կոպիտ մեթոդներով փորձում է Վրաստանում կրկին առաջացնել ապակայունացում և խախտել խաղաղությունը։
Նշանակալի է, որ նախագահության մի քանի ամսվա ընթացքում Դուք սերտ հարաբերություններ հաստատեցիք Վրաստանի բոլոր հարևանների հետ։ Հաջողությամբ նպաստեցիք խաղաղության համաձայնագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ակտիվորեն համագործակցում եք Թուրքիայի իշխանությունների հետ, վերականգնեցիք գործընկերությունը նույնիսկ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն այս ֆոնի վրա Ձեր վարչակազմը ոչինչ չի ասում Վրաստանի մասին, ինչը, ինչպես արդեն նշել եմ, վրաց հասարակության զարմանքն է առաջացնում»,-նշել է Ղավելաշվիլին։
Վրաստանի նախագահը կոչ է արել, որ ԱՄՆ-ը Վրաստանում ասոցացվի ոչ թե «Deep state»-ի, ԼԳԲՏ քարոզչության և ապակայունացման, այլ՝ խաղաղության, կայունության և ավանդական արժեքների հարգանքի հետ։ Վերջում նա հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու Վրաստան–ԱՄՆ հարաբերությունների նոր էջի բացմանը։







