Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մաքսային համատեղ կոմիտեի 4-րդ նիստը։ Կողմերը գոհունակություն են հայտնել երեք երկրի մաքսային վարչությունների միջև հաստատված ամուր համագործակցությունից։
Նիստի ընթացքում քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը և այդ համատեքստում տարանցիկ տվյալների փոխանակման համաձայնագիրը, միջազգային փոխադրումների կանոնակարգերի համապատասխանության ապահովումը, լիազորված տնտեսական օպերատորի ներդրումը և պարզեցված մաքսային միջանցքի ավելի արդյունավետ գործարկման համար ձեռնարկվելիք քայլերը։
Նիստի ավարտին ստորագրվել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան մաքսային համատեղ կոմիտեի 4-րդ նիստի արձանագրությունը և սահմանվել է առաջիկայում երեք երկրի համատեղ ճանապարհային քարտեզը մաքսային ոլորտում։ Նիստից հետո տեղի են ունեցել հանդիպումներ։