ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ: Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները: Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:
Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «ԹՐԻՓ ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները:
Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ Վալայաթին հայտարարել է, որ TRIPP նախագիծը, «որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան»։ «Իրանը Զանգեզուրի միջանցքի նախագծի առաջադրման հենց սկզբից ընդդիմացել է դրան՝ սահմանների ցանկացած փոփոխությանը և իր շրջակայքում անվտանգությանը սպառնացող զարգացումներին դեմ լինելու պատճառով։ Այն ժամանակ, երբ Զանգեզուրի միջանցքի նախագիծը առաջ քաշվեց, Իրանն անգամ այն պայմաններում, երբ Ռուսաստանն Ուկրաինայում էր խիստ զբաղված, ՌԴ հետ, թե առանց նրա հայտնել է իր վճռական ընդդիմությունը և կանխարգելել այդ նախագծի իրագործումը։ Իրանը դեմ էր դրան, քանի որ այդ միջանցքը կարող էր Իրանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ներկայության հիմքեր ստեղծել և Իրանի հյուսիսի ու ՌԴ հարավի անվտանգությունը լուրջ մարտահրավերի առաջ կանգնեցնել։ Թրամփի նախագիծն այդ նույն ծրագիրն է, որ միայն անունն է փոխվել և այժմ հետապնդվում է Հայաստանում ամերիկյան ընկերությունների ներկայության շրջանակներում։ Փորձը ցույց էլ տվել, որ ամերիկացիները նախ տնտեսական ծրագրերի անվան ներքո մուտք են գործում զգայուն տարածաշրջաններ, բայց հետո նրանց ներկայությունը ռազմական ու անվտանգային ասպեկտներով է ընդլայնվում։ Ցանկացած ծրագրի անվան տակ Իրանի սահմաններին ԱՄՆ ներկայությունը անվտանգային հստակ հետևանքներ ունի», -ասել է Վելայաթին։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հարցերի վերաբերյալ շարունակական երկխոսությունների ու խորհրդակցությունների անցկացումը։
Նկատենք, որ Ալի Աքբար Վելայաթին նախկինում ևս նման դիրքորոշում է արտահայտել, սակայն Իրանի կառավարությունը, այդ թվում՝ նախագահը, արտգործնախարարը այլ մոտեցումներով են հանդես եկել։ Վերջիններս ընդգծել են, որ օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում Իրանի կարմիր գծերը հաշվի են առել։ «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ներառում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանք, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և ընդդիմություն սահմանների ցանկացած փոփոխությանը։ Սրանք բացարձակապես համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին։ Միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում»,- ավելի վաղ հայտարարել էր ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։







