Թուրքիայում ձերբակալվել է լրագրող և քաղաքական մեկնաբան Լևենթ Գյուլթեքինը։ Նրա փաստաբան Չաղրը Չեթինի փոխանցմամբ՝ ձերբակալությունը կապված է դեկտեմբերի 17-ին YouTube-ում հրապարակված հաղորդման հետ, որի ընթացքում Գյուլթեքինը անդրադարձել է Թուրքիայում վերջին շրջանում իրականացված ապօրինի խաղադրույքների դեմ գործողություններին։Հաղորդման ընթացքում լրագրողը ներկայացրել է այդ գործընթացների քաղաքական ենթատեքստի վերաբերյալ մեկնաբանություններ։
Իրավապահ մարմինները Գյուլթեքինին մեղադրում են «հանրությանը մոլորեցնող տեղեկություն հրապարակավ տարածելու» մեջ, սակայն լրագրողը հերքում է մեղադրանքը՝ ընդգծելով, որ իրեն չի ներկայացվել որևէ կոնկրետ փաստ կամ ձևակերպում, որը կարող էր դիտարկվել որպես ապատեղեկատվություն։ Նրա խոսքով՝ հաղորդումը ամբողջությամբ քաղաքական մեկնաբանություն է և չի պարունակում որևէ անձի հասցեագրված վիրավորանք։
Նշենք, որ լրագրողի նկատմամբ նախկինում ևս քրեական հետապնդում է իրականացվել․ 2024թ. մարտին դատարանը նրան դատապարտել էր 11 ամիս և 20 օր ազատազրկման՝ 2022 թվականին հեռուստաեթերում հնչեցրած արտահայտությունների համար։








