Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը շարունակում է աճել։ Human Rights Activists կազմակերպության տվյալներով՝ ցուցարարների շրջանում առնվազն 2403 մարդ է զոհվել, իսկ իրավապահների շարքերում՝ 147։
Զանգվածային ձերբակալությունների ընթացքում կալանավորվել է 18 434 ցուցարար։
Նշենք, որ բողոքի ալիքը սկսվել էր 2025 թ. դեկտեմբերի վերջին, երբ Իրանում ռիալի կտրուկ արժեզրկումն ու հիպերինֆլյացիան առաջ բերեցին բնակչության լայն դժգոհություն։ Սկզբնական փուլում բողոքի թեման վերաբերել է փոխարժեքի կտրուկ տատանումներին և դրանց ազդեցությանը ապրանքների մեծածախ ու մանրածախ գների վրա։
Այնուամենայնիվ, հետագա շաբաթների ընթացքում մի շարք քաղաքներում խաղաղ ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ ուղղվելով երկրի ներկայիս իշխանական համակարգի դեմ։
Իրանական իշխանությունները ցույցերի սրացման մեջ մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, որոնք, ըստ Թեհրանի, նպաստում են անկարգությունների կազմակերպմանը։







