Հունվարի 15-ին Վիքիպեդիան նշում է հիմնադրման 25-ամյակը։ 2001 թվականին ստեղծված ազատ առցանց հանրագիտարանն այսօր դարձել է աշխարհում ամենաշատ օգտագործվող տեղեկատվական հարթակներից մեկը՝ միավորելով միլիոնավոր օգտատերերի և կամավոր խմբագիրների ամբողջ աշխարհում։
Վիքիպեդիան գործում է կամավորության սկզբունքով․ հոդվածները ստեղծում և խմբագրում են օգտատերերը՝ վստահելի աղբյուրների հիման վրա։ Այսօր այն հասանելի է ավելի քան 300 լեզուներով և պարունակում է տասնյակ միլիոնավոր հոդվածներ։
Հայերեն Վիքիպեդիան սկսել է գործել 2004 թվականից ու կարևոր դեր ունի հայերեն գիտելիքի թվայնացման և տարածման գործում։ Տարիների ընթացքում այն զարգացել է կամավոր խմբագիրների ջանքերով՝ դառնալով հայերեն ամենախոշոր հանրագիտարանային ռեսուրսը։ Այս պահի դրությամբ հասանելի է 323 հազարից ավելի հոդված։
Վիքիպեդիայի 25 տարին ապացուցում է, որ ազատ գիտելիքը կարող է ստեղծվել համագործակցությամբ և ծառայել ամբողջ մարդկությանը։









