TRIPP նախագծով Հայաստանի Հանրապետության սուվերենությունը որևէ կերպ չի խախտվելու, իսկ երկիրը նաև տնտեսական դիվիդենտներ է ստանալու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նախագծի շուրջ հնչող քննադատություններին և սուվերենության հնարավոր սահմանափակումների մասին պնդումներին։
Նրա խոսքով՝ հրապարակված փաստաթուղթը իրավական ուժ ունեցող պայմանագիր չէ, այլ քաղաքական հայտարարություն, ինչը հստակ նշված է դրա նախաբանում։
«Դա Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարություն է, որը քաղաքական հանձնարարություն է։ Իրավական ուժ ունեցող փաստաթղթերը դեռ կհետևեն, այդ թվում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրական փաստաթղթերը»,-նշեց նա։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի սուվերենությունը հստակ և աներկբա ամրագրված է, իսկ երկիրը, հակառակը, կունենա տնտեսական օգուտներ։
«Այս նախագծով Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու։ Ընդհակառակը՝ կունենա դիվիդենտներ և մասնակցություն ընկերության մեջ»,-ընդգծեց Խանդանյանը։
Անդրադառնալով փաստաթղթի հնարավոր վերաբանակցման թեմային՝ նա նշեց, որ ներկայում դրա համար որևէ հիմնավոր պատճառ չի տեսնում։ «Փաստաթուղթը բանակցված է, և ես որևէ հիմք չեմ տեսնում այն վերաբանակցելու։ Ընդհակառակը, այն շատ լավ փաստաթուղթ է»,-եզրափակեց նա։








