Կայացել է Իրանի ու Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:
Պաշտոնյաները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընթացիկ հարցերի շուրջ, ընդգծել խնդիրների լուծման համար դիվանագիտական, փոխգործակցային և երկխոսության վրա հիմնված մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը: Նրանք կոչ են արել խուսափել տարածաշրջանում ցանկացած սադրիչ, լարվածություն և պատերազմ հրահրող գործողություններից։
Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի մոտեցումը հիմնված է երկխոսության, փոխադարձ հարգանքի, սպառնալիքի և ուժի մերժման վրա:
«Արդյունավետ դիվանագիտական և երկխոսության վրա հիմնված գործընթացների ձևավորումը պահանջում է փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծում»,-ասել է Իրանի նախագահը՝ ընդգծելով, որ ցանկացած դիվանագիտական նախաձեռնության հաջողության նախապայմանն ու հիմքը շահագրգռված կողմերի բարի կամքի ապացուցումն է և տարածաշրջանում պատերազմական և սպառնալիք պարունակող գործողություններից հրաժարվելը։
Իրանի և Թուրքիայի նախագահները նաև ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, կայուն անվտանգության և կայունության պահպանման գործում տարածաշրջանի երկրների կառուցողական դերը, ինչպես նաև լարվածության նվազեցման և ճգնաժամերի սրման կանխարգելման նպատակով երկխոսության մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։
Այս տեղեկությանը զուգահեռ հայտնենք, որ Թուրքիա է մեկնել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Օրակարգում երկկողմ և տարածաշրջանային հարցերն են։








