Վրաստանից Ադրբեջան արտաքսվելուց ընդամենը մեկ օր անց ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադըգովը ձերբակալվել է: Այդ մասին սոցցանցերում տեղեկացրել է նրա կինը՝ Սևինջ Սադըգովան: Փոխանցում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները:
Դեռևս հայտնի չէ, թե լրագրողին ինչ մեղադրանքով են ձերբակալել, թեև նա նախապես մտահոգություն էր հայտնել, որ հայրենիք վերադառնալուց հետո անմիջապես կկալանավորվի։
Աֆգան Սադըգովը «Azel TV» յութուբյան ալիքի ղեկավարն է և հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ: 2024 թվականի օգոստոսի 3-ին նա ձերբակալվել էր Թբիլիսիում՝ Ադրբեջանի կողմից հայտարարված հետախուզման հիման վրա։ Լրագրողի ընտանիքն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հետապնդումը որակել էին որպես քաղաքական պատվեր։ Ձերբակալությունից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արգելել էր նրա արտահանձնումը, և Սադըգովը գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Իրավիճակը փոխվել է ապրիլի սկզբին, երբ ադրբեջանական կողմը Վրաստանի իշխանություններին է տեղեկացրել Սադըգովի դեմ հարուցված քրեական գործի կարճման մասին: Ապրիլի 4-ին լրագրողին ձերբակալել են Թբիլիսում, ինչից հետո դատարանը նրան արտահանձնելու որոշում է կայացրել:







