Ապրիլի 16-ին Իգդիրի համալսարանում տեղի է ունեցել համաժողով «Սահմանային անցակետերը և սահմանային առևտրի սոցիալ-տնտեսական ազդեցությունները Ալիջանի սահմանային անցակետի օրինակով» թեմայով, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի հետ Ալիջանի սահմանային անցակետի բացման հնարավոր ազդեցությունը Իգդիրի, տարածաշրջանի տնտեսության և Թուրքիայի վրա։ Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Համաժողովին մասնակցել են գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և պետական կառույցների ղեկավարներ։ Բանախոսները ընդգծել են, որ Ալիջանի սահմանային անցակետի գործարկումը կարևոր դեր կունենա Իգդիրի տնտեսական զարգացման մեջ։
Համաժողովը սկսվել է Իգդիրի համալսարանի ռեկտորի տեղակալ, պրոֆ. դոկտոր Հ․ Սևինչի ելույթով, ով նշել է․ «Ալիջանի անցակետը Թուրքիայի և Հայաստանի միջև կարևոր ցամաքային կապերից մեկն է, սակայն դրա փակ լինելը խոչընդոտում է տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների լիարժեք օգտագործմանը»։
Իգդիրի համալսարանի ռեկտոր, պրոֆ. դոկտոր Է․ Գյուրելը նշել է․ «Այսօր քննարկվող հարցը շատ ավելին է, քան տնտեսական խնդիր․ այն տարածաշրջանային խաղաղության, մշակութային փոխազդեցության և հասարակական բարեկեցության կարևոր բաղադրիչ է։ Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի առևտրի ակտիվացմանը, զբաղվածության աճին, լոգիստիկ ցանցերի զարգացմանը և ժողովուրդների միջև նոր կապերի ձևավորմանը»։
Գյուրելը նաև նշել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում նոր փուլ է սկսվել։ Նա ընդգծել է, որ համալսարանի նպատակն է նախապատրաստել Իգդիրի բնակչությանը, գործարարներին և տնտեսվարողներին այս գործընթացին։
Իգդիրի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ք․ Արսլանը նշել է, որ անցակետի բացումը կբարձրացնի տնտեսական ակտիվությունը, և քաղաքում արդեն իրականացվում են լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ։ «Ալիջանի անցակետի բացումը մեծ օգուտ կտա։ Աշխատանքներ ենք իրականացնում հյուրանոցների կառուցման ուղղությամբ»,- նշել է Արսլանը։
Իգդիրի Ապրանքային բորսայի նախագահ Ս․ Քումթեփեն նշել է, որ անցակետի բացումը տնտեսական աշխուժություն կհաղորդի ոչ միայն Իգդիրին, այլ նաև հարակից շրջաններին․ «Մենք մեծ ակնկալիքով ենք սպասում նոր սահմանային անցակետի բացմանը։ Սա միայն Հայաստան տանող անցակետ չէ, այլ նաև դեպի թուրքական աշխարհ, Չինաստան և Կենտրոնական Ասիա ձգվող լայն առևտրային ցանցի մաս»։ Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս, պրոֆ. դոկտոր Մ․ Ս․ Դիլեքը նշել է, որ Իգդիրը ապագայում կարող է դառնալ Թուրքիայի ամենակարևոր ռազմավարական կենտրոններից մեկը։
Միջոցառման ավարտին մասնակիցները նշել են, որ անցակետի բացումը կլինի ռազմավարական քայլ ոչ միայն Իգդիրի, այլ նաև Թուրքիայի համար՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ տնտեսական կապերի խորացման տեսանկյունից։







