Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիին հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի առաջիկա օրերին։ Նրա խոսքով՝ և՛ վրացական, և՛ ադրբեջանական կողմերը մոտիվացված են նախագիծը հնարավորինս արագ իրականացնելու համար։
«Սա շատ կարևոր նախագիծ է ոչ միայն մեր երկրի և Ադրբեջանի, այլև Թուրքիայի Հանրապետության համար։ Սա նշանակում է, որ բացվում է բոլորովին նոր երթուղի, որը կկապի Եվրոպան Ասիայի հետ, ներառյալ Ադրբեջան-Թուրքիա, Վրաստան-Թուրքիա, Թուրքիա-Չինաստան և այլն, և սա կլինի ևս մեկ կարևոր տրանսպորտային կապ, որն իր էությամբ ավելի մեծ արժեք կբերի «Միջին միջանցքին»,- հայտարարել է Քվրիվիշվիլին։
Օրեր առաջ Վրաստանի վարչապետն էլ հայտարարել էր, որ ստեղծվելու է համատեղ վրաց-ադրբեջանական ձեռնարկություն, և այդ ձևաչափով երկաթուղին կսկսի իր գործունեությունը։
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Նախագծի շրջանակներում կառուցվել է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղին, որից 68 կմ-ը անցնում է Թուրքիայի, իսկ 30 կմ-ը՝ Վրաստանի տարածքում։ Նույն նախագծով վերակառուցվել է նաև Վրաստանի Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու 183 կմ երկարությամբ հատվածը։
Երկաթուղով ուղևորափոխադրումները դադարեցվել էին 2020 թվականին համավարակի սահմանափակումների պատճառով, իսկ բեռնափոխադրումները լրջորեն սահմանափակվել կամ ամբողջությամբ կանգնեցվել էին վրացական հատվածում վերակառուցման աշխատանքների պատճառով, ինչից հետո առաջին բեռնատար գնացքը թարմացված երթուղով մեկնել է միայն 2024 թվականի մայիսին։








