Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 31, վիրավորվել՝ 40 մարդ։ Տեղեկությունը փոխանցել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։
Ամենածանր հարվածներից մեկը հասցվել է երկրի հարավում գտնվող Բուրջ աշ-Շամալի բնակավայրին, որտեղ զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Սուրի շրջանում ևս իսրայելական հարձակումների հետևանքով երկու զոհ է գրանցվել։
Միևնույն ժամանակ «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածային անօդաչու սարքերով թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող իսրայելական երեք տանկ և երկու ռազմական մեքենա։
Իսրայելական բանակը Լիբանանի հարավի տասնյակ բնակավայրերի բնակիչներին տարհանման հրաման է տվել։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից, երբ «Հեզբոլլահ»-ի հարձակումներից հետո երկիրը ներքաշվեց տարածաշրջանային պատերազմի մեջ, իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3213-ի, իսկ վիրավորներինը՝ 9737-ի։








