ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնելու դիվանագիտական գործընթացի ուշացումը կարող է բացատրվել վստահության բացակայությամբ, Վաշինգտոնի հակասական դիրքորոշումներով և Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումներով։ Այս մասին, «Al Arabiya»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
«Բանակցությունները սկսվել են խիստ կասկածների և անվստահության պայմաններում, մեսիջների փոխանակումը տեղի է ունենում այս մթնոլորտում։ Մյուս կողմն անընդհատ փոխում է իր տեսակետները և առաջ քաշում նոր կամ հակասական պահանջներ։ Բնական է, որ այս իրավիճակը կերկարաձգի բանակցությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ Թեհրանը Իսրայելի գործողությունները տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, համարում է ԱՄՆ-ից անբաժանելի։
Բաղաեին ասել է, որ ներկայումս Միացյալ Նահանգների հետ Թեհրանի միջուկային ծրագրի մանրամասների շուրջ որևէ փոխանակում չի եղել։
«Մենք գիտենք, թե երբ է անհրաժեշտ գործել միջուկային հարցերով։ Միջուկային գործի մանրամասների վերաբերյալ որևէ բանակցություն տեղի չի ունեցել։ Այս փուլում մեր առաջնահերթությունը պատերազմի ավարտն է»,- հայտարարել է նա։







