Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ բանաձևի փոփոխության կասեցումը երկարաձգելու համար։ Փոխանցում է Factor.am-ը:
«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել «Ազատության աջակցության մասին» ակտի 907-րդ բանաձևի չեղարկման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրն ինձ նվեր ուղարկելու համար՝ կից Ձեր անձնական գրառմամբ ու բարի խոսքերով։ Ես բարձր եմ գնահատում այս մտածված և բարի ժեստը և մեծ հարգանքով եմ վերաբերվում դրան»,- նշել է Ալիևը։
Հավելենք, որ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած «Ազատության աջակցության ակտ» օրենքով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին, սակայն, Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում, երբ թեժ մարտեր էին ընթանում Լեռնային Ղարաբաղում, հայ համայնքի ակտիվ ջանքերի շնորհիվ «Ազատության աջակցության ակտ»-ի տեքստում ներառվեց 907-րդ բանաձևը, որն արգելում էր ամերիկյան կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չէր դադարեցրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և ուժի կիրառումը նրանց նկատմամբ։
Իրավիճակը փոխվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում իրականացված ահաբեկչական լայնածավալ հարձակումներից հետո: Նախագահ Ջորջ Բուշը 2002 թ․-ի հունվարին ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմել էր Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում օժանդակելու հնարավորություն տալ: Նաև ընդգծվում էր, որ 907-րդ բանաձևի ժամանակավոր չեղարկումը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին, և Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Դրանից ի վեր ԱՄՆ կառավարությունները շրջանցել են բանաձևը։
Բաքուն այժմ մեծ ջանքեր է գործադրում օրենքի չեղարկմանը հասնելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։







