Նախորդ գիշեր Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 10 մարդ է զոհվել, 6-ը Դնեպրում և 4-ը՝ Կիևում։ Այս մասին հայտնում են ուկրաինական իշխանությունները։
Հարվածների հետևանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։ Ուկրաինայի մեծ մասում գիշերը օդային տագնապ է հայտարարվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել բալիստիկ հրթիռներով։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ կիրականացնի «համակարգված հարվածներ»՝ Կիևին մեղադրելով երկրի արևելքում ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքում ուսանողական հանրակացարանի վրա հարձակման համար։ Ուկրաինան, իր հերթին, հայտնել էր, որ թիրախավորել է ռուսական ռազմական ստորաբաժանում։
Միաժամանակ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Իլսկի նավթավերամշակման գործարանում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։







