Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
«Planet» արբանյակային պատկերների ուսումնասիրությամբ՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը արձանագրել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում եկեղեցու անմիջապես արևելյան և հյուսիսային հատվածներում իրականացվել են լայնածավալ հողային և շինարարական աշխատանքներ։
«Արբանյակային դիտարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ աշխատանքները կատարվում են պատմամշակութային հուշարձանի անմիջական հարևանությամբ՝ առանց միջազգային մասնագիտական վերահսկողության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության։ Նման գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում եկեղեցու ֆիզիկական ամբողջականության, պատմաճարտարապետական միջավայրի պահպանության և հուշարձանի հետագա գոյության առնչությամբ,-հայտնել է Ավանեսովը։








