Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռ չի պատրաստվում շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ «Մենք գերադասում ենք սպասել Հայաստանի ընտրությունների մասին պաշտոնական արդյունքներին», – նշել է նա՝ ընդգծելով, որ գործընթացում դեռ կան բազմաթիվ հարցեր և չպարզաբանված հանգամանքներ։
Ռուսական կողմը, ըստ Պեսկովի, արդեն իսկ տեսել է հաղորդագրություններ հնարավոր խախտումների մասին, ինչն էլ, նրա խոսքով, լրացուցիչ պատճառ է՝ զերծ մնալ շտապ քաղաքական գնահատականներից։ Միաժամանակ Կրեմլում ավելի վաղ էլ ընդգծել էին, որ Ռուսաստանը առայժմ ձեռնպահ է մնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից և հետևում է գործընթացի զարգացումներին։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Մոսկվան ապագա հարաբերությունները Հայաստանի հետ կկառուցի՝ կախված Երևանի հետագա քաղաքական քայլերից՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է տեսնել «ուժեղ և ինքնիշխան Հայաստան»։ Նրա խոսքով՝ ընտրություններից հետո Հայաստանի հասարակության մեջ առկա բևեռացվածությունը պետք է հաշվի առնել, հակառակ դեպքում միակողմանի որոշումները «կարող են խորացնել սոցիալ-քաղաքական լարվածությունը երկրում»։





