Ադրբեջանական մեդիատիրույթում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունենում. երկրի առաջատար քարոզչական և վերլուծական հարթակներից մեկի՝ Haqqin.az կայքի հիմնադիր և ղեկավար Էյնուլլա Ֆաթուլլաևը հայտարարել է ընկերությունը վաճառելու և Ադրբեջանում լրագրողական գործունեությունը դադարեցնելու մասին:
Սոցիալական ցանցերում արած հայտարարության մեջ Ֆաթուլլաևը նշել է, որ Haqqin.az-ի դոմեյնը և ՍՊԸ-ի ամբողջական բաժնեմասը նոտարական կարգով վաճառել է գործարար և քաղաքագետ Ադամ Իսմայիլովին: Նա հավելել է, որ ապագայում մտադիր է զբաղվել բիզնեսով, իսկ Ադրբեջանում լրագրությամբ զբաղվելը որակել է որպես ծայրահեղ վտանգավոր մի բան՝ այն նմանեցնելով «անդունդի վրա ձգված բարակ պարանի վրայով քայլելուն»:
Լրագրողը նաև հաստատել է, որ լքել է Ադրբեջանը և տեղափոխվել Թուրքիա՝ Ստամբուլ քաղաք. «Ինչ վերաբերում է իմ ապագա պլաններին, ապա առայժմ ցանկանում եմ զբաղվել բիզնես գործունեությամբ»,- նշել է նա: Ֆաթուլլաևը նաև հայտնել է, որ վաճառել է իրեն պատկանող ռեստորանը: «Ի գիտություն հայտնում եմ, որ «Աղաբալա» ռեստորանը վաղուց եմ վաճառել: Ադրբեջանի տարածքում ես այլևս որևէ բիզնես գործունեություն չունեմ»,- ընդգծել է նա։
Զուգահեռաբար, ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Haqqin.az-ի գործնական կառավարումը հանձնվել է իշխանամետ մեկ այլ հայտնի ռեսուրսի՝ Caliber.az-ի գլխավոր խմբագիր Թեյմուր Հուսեյնովին: Ըստ հաղորդումների՝ Հուսեյնովն արդեն հրաժեշտ է տվել Caliber.az-ի անձնակազմին և ներկայացվել Haqqin.az-ի անձնակազմին: Ուշագրավ է, որ Ֆաթուլլաևը, մեկնաբանելով այս լուրերը, հայտարարել է. «Ես ոչ Caliber անունով կայք եմ լսել, ոչ էլ Թիմուր անունով անձնավորության դեմքն եմ տեսել»:
Նշենք, որ Caliber.az-ը «Global Media Group» ՍՊԸ-ի կազմում գործող իշխանական քարոզչական ռեսուրսներից է: Հոլդինգի ամբողջական ֆինանսավորումն իրականացվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից:








