Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին ընդառաջ թողարկված գովազդային հոլովակը բուռն քննարկումների և քննադատության պատճառ է դարձել սոցիալական ցանցերում։ Պատճառն այն է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստներից բացի, տեսահոլովակում ակտիվորեն ցուցադրվում են երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) քաղաքական ու ռազմական նախագծերը։ Փոխանցում է գերմանական «Der Tagesspiegel» պարբերականը:
«Դուք բոլորդ, մենք՝ Թուրքիան» երգի հիման վրա պատրաստված հոլովակը պատվիրել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ֆուտբոլային մարզադաշտի տեսարաններին զուգահեռ՝ տեսահոլովակում ցուցադրվում են կործանիչներ, ռազմանավեր և «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի արտադրամասերը։ Բացի այդ, կադրերում հայտնվում է նաև հենց Էրդողանը՝ ֆուտբոլային մարզաշապիկով խաղադաշտում, մեքենա վարելիս և ռազմական շքերթի ժամանակ։
Թուրք երկրպագուները դժգոհությամբ են ընդունել հոլովակը։ Օգտատերերից մեկը տեսանյութի տակ մեկնաբանել է. «Մենք ֆուտբոլային խաղի՞ ենք գնում, թե՞ պատերազմի»։
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը նշել է, որ տեսահոլովակում ազգային հավաքականի, ֆուտբոլի ու Աշխարհի առաջնության փոխարեն առաջին պլան է մղված իշխող կուսակցության քարոզչությունը։
Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նամըք Թանը նույնպես քննադատել է նախագծի հեղինակներին՝ ընդգծելով, որ ազգային հավաքականը չպետք է ծառայի որպես որևէ կուսակցության քարոզչամիջոց։








