Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Այս մասին հայտնում է News.am-ը:
«Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։ Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։ Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը։
Ուզում եմ հավատալ, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականությունը ոչնչացնում է վստահությունը, դեռ մնում է մարդկային քայլի հնարավորություն։ Առաջնորդներն ու հզոր պետությունները պատմության մեջ հիշվում են ոչ միայն իրենց հաղթանակներով, այլև իրենց իշխանության տակ հայտնված մարդկանց հանդեպ ցուցաբերած ողորմածությամբ։ Հենց այդպիսի արարքներն են մնում պատմության մեջ։
Այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։
Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել: Նամակները հնարավոր է ուղարկել հետևյալ հասցեով՝ [email protected]: Subject հատվածում խնդրում ենք գրել Letter of Support – Armenian Detainees: Եթե նամակն ուղղված է կոնկրետ անձի, խնդրում ենք ավելացնել նրա անունը Subject հատվածում։ Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ»,- հայտարարել է Զոնաբենդը:







