Նավթի գների անկումը շարունակվում է՝ պայմանավորված համաշխարհային էներգետիկ շուկաներում կայունության վերականգնման սպասումներով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի դադարեցման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին։ «Brent» տեսակի նավթի գինը մեկ բարելի համար նվազել է մոտ 1 տոկոսով՝ հասնելով շուրջ 78 դոլարի, ինչը ամենացածր մակարդակն է մարտի սկզբից ի վեր։ Վերջին օրերին անկումը կազմել է մոտ 5 տոկոս, ինչը շուկայի մասնագետները կապում են խաղաղության վերաբերյալ դրական սպասումների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը նախնական համաձայնության են եկել՝ նպատակ ունենալով ավարտել ԱՄՆ-Իսրայել-Իրան ռազմական հակամարտությունը և փուլային կերպով վերականգնել ծովային հաղորդակցությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի բացումը։ Վերլուծաբանների խոսքով՝ նավթի գների անկումը հիմնականում պայմանավորված է սպասումներով, այլ ոչ թե արդեն հաստատված քաղաքական փոփոխություններով։ Նրանք զգուշացնում են, որ նույնիսկ համաձայնության դեպքում էներգետիկ շուկաների լիարժեք կայունացումը կարող է տևել ամիսներ, քանի որ նեղուցում կուտակվել են հարյուրավոր նավեր։
Հավելենք, որ Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ ուղիներից մեկը, որով անցնում է օրական միլիոնավոր բարել նավթ։ Վերջին ամիսներին տարածաշրջանում ռազմական լարվածության պատճառով այդ հոսքերը զգալիորեն նվազել էին։







