Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական գոտում գտնվող երկրի խոշորագույն գազային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 66-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Կատարի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 21-ի երեկոյան «Բարզան» գազամատակարարման համալիրում։ Իշխանությունները միջադեպը որակել են որպես տեխնիկական վթար։ Պայթյունի հարվածային ալիքը զգացվել է նույնիսկ մայրաքաղաք Դոհայում՝ դեպքի վայրից ավելի քան 70 կիլոմետր հեռավորության վրա։
Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Շերիդա ալ-Քաաբին հայտարարել է, որ միջադեպը չի ազդի երկրի գազի արտահանման վրա՝ ընդգծելով, որ խոսքը վթարի մասին է, այլ ոչ թե դիվերսիայի կամ թշնամական գործողության․ «Սա դժբախտ պատահար էր և ոչ մի կապ չունի սաբոտաժի կամ արտաքին հարձակման հետ», – նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում է հետաքննություն՝ պայթյունի պատճառները պարզելու համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ շրջակա միջավայրի համար վտանգներ չեն արձանագրվել։
Ռաս Լաֆանի նավահանգիստը համարվում է աշխարհի ամենամեծ արհեստական նավահանգիստը և հեղուկացված բնական գազի (LNG) արտահանման խոշորագույն կենտրոններից մեկը։ Կատարի պետական «QatarEnergy» ընկերությունը հայտնել է, որ օբյեկտում արտադրությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերից դադարեցված էր հրատապ վերանորոգման աշխատանքների պատճառով և վերսկսվել էր ընդամենը երկու օր առաջ։ Պայթյունը տեղի է ունեցել հենց աշխատանքների վերագործարկման ընթացքում։
«QatarEnergy»-ի գնահատմամբ՝ անհրաժեշտ վերանորոգումների հետևանքով հեղուկացված բնական գազի արտադրությունը կարող է կրճատվել տարեկան շուրջ 12,8 միլիոն տոննայով առաջիկա երեքից հինգ տարվա ընթացքում։






