ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է OpenAI ընկերության պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու կրթական հաստատությունների համար նախատեսված ChatGPT Edu հարթակը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ OpenAI-ի, ԿԳՄՍՆ-ի և Firebird ընկերության համագործակցության շրջանակում Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքների շուրջ 50 հազար ներկայացուցիչներ նոր ուսումնական տարվանից կստանան ChatGPT Edu-ի անվճար բաժանորդագրություններ։
Նախաձեռնության մեկնարկից առաջ՝ մինչև սեպտեմբեր, նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու ծրագրի լիարժեք գործարկումը 2026-2027 ուսումնական տարում։
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն ընդլայնվում են արհեստական բանականության կիրառման և համապատասխան գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նրա խոսքով՝ OpenAI-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է կրթական համակարգի թվային վերափոխման ճանապարհին։
Նախարարը հիշեցրել է, որ հանրակրթական դպրոցներում արդեն իրականացվում են «Արհեստական բանականության սերունդ» և «STEP.ai» ծրագրերը, որոնք նպաստում են սովորողների տեխնոլոգիական հմտությունների և արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքների զարգացմանը։ Նա նաև ընդգծել է, որ 2026 թվականի սեպտեմբերից Երևանի պետական համալսարանում կգործարկվի արհեստական բանականության ուղղվածությամբ նոր բակալավրիական կրթական ծրագիր։
OpenAI-ի ներկայացուցիչ Ալինա Լեոնը, իր հերթին, կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է աջակցել կրթական համակարգում արհեստական բանականության անվտանգ և պատասխանատու կիրառմանը, ինչպես նաև զարգացնել դասավանդողների և սովորողների կարողությունները։
ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ ChatGPT Edu-ն կարող է արդյունավետ գործիք դառնալ թե՛ բուհական համակարգում՝ դասախոսների, ուսանողների և հետազոտողների համար, թե՛ հանրակրթության ոլորտում՝ ուսուցիչների և ավագ դպրոցի աշակերտների համար։
Նշվել է, որ ծրագրի առաջին փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu հարթակի ֆինանսավորումը կապահովի Firebird ընկերությունը։ Հետագայում, ծրագրի արդյունավետության գնահատումից հետո, կքննարկվի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ այն որպես երկարաժամկետ բաղադրիչ կրթական համակարգում ներառելու նպատակով։






