ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի երկաթուղային ընկերության տնօրեն Ջաբար Ալի Զաքերիի հետ: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Երկաթուղային ընկերությանը:
Դեսպանն Իրանի և Հայաստանի երկաթուղային ցանցերի միացումը համարել է նախադրյալ՝ դեպի հարավային բաց ջրեր Հայաստանի ելքն ապահովելու, ինչպես նաև դեպի Եվրոպա Իրանի կապուղիները դիվերսիֆիկացնելու համար։
Զաքերին ընդգծել է երկու երկրների երկաթուղային համագործակցության զարգացման և տարածաշրջանային տարանցիկ ուղիներում, հատկապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքում Հայաստանի առավել ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը։ Նա, նշելով տարածաշրջանի տարանցիկ երթուղիների զարգացման կարևորությունը, հավելել է. «Հայաստանը, ավելի մեծ դեր ստանձնելով «Հյուսիս-Հարավ» միջանցքում, կարող է նպաստել տարածաշրջանի երկաթուղային տարանցման աշխուժացմանը»։
Ըստ հրապարակման՝ Սյունիքի մարզով Իրան-Հայաստան երկաթուղային կապի հաստատումը երկկողմ առևտրի և տարածաշրջանային տարանցման ընդլայնմանն ուղղված ենթակառուցվածքային ծրագրերից է, որի գործնական իրականացմանն այժմ հետամուտ են լինում Թեհրանն ու Երևանը:








