Վենեսուելայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ երկիրը ցնցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժերից, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, իսկ ավելի քան 700-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է «France 24»-ը։
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժերը գրանցվել են նույն շրջանում՝ միմյանցից ընդամենը 39 վայրկյան տարբերությամբ։ Առաջին՝ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մորոն քաղաքից մոտ 21 կմ արևմուտք, իսկ մեկ րոպե անց տեղի է ունեցել 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը։
Երկրաշարժերից հետո արձանագրվել է ավելի քան 20 հետցնցում, որոնք շարունակել են խուճապ առաջացնել բնակչության շրջանում։
Ամենամեծ վնասները գրանցվել են մայրաքաղաք Կարակասում և Տրուխիլյո, Կարաբոբո, Միրանդա ու Լա Գուաիրա նահանգներում։ Կարակասի Ալտամիրա թաղամասում ամբողջությամբ փլուզվել է 22-հարկանի շենք, իսկ բազմաթիվ այլ շինություններ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Լուրջ վնասներ է կրել նաև Կարակասի մերձակայքում գտնվող Մայկետիայի միջազգային օդանավակայանը, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է ենթակառուցվածքների վնասման պատճառով։
Երկրաշարժերը զգացվել են նաև հարևան Կոլումբիայում, այդ թվում՝ մայրաքաղաք Բոգոտայում, որտեղ մի շարք շենքերից իրականացվել է բնակիչների տարհանում։ Կոլումբիայի սեյսմոլոգիական ծառայությունը հայտնել է, որ ստացել է ավելի քան 200 հաղորդում ստորգետնյա ցնցումների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ազգային ցունամիների նախազգուշացման կենտրոնը հայտարարել է, որ երկրաշարժերից հետո ցունամիի վտանգ չի արձանագրվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնություն տրամադրել Վենեսուելային՝ հետևանքների հաղթահարման համար։





