Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռը սեպտեմբերի 30-ի առավոտյան հարկադրված վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ օդաչուների միջև տեղի ունեցած միջադեպից հետո։ Իսրայելցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ օդաչուներից մեկը փորձել է իր վերահսկողության տակ վերցնել ինքնաթիռի կառավարումը, ինչի հետևանքով օդանավում բախում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը։
Խոսքը «Flydubai»-ի FZ1073 չվերթի մասին է, որի ինքնաթիռում ավելի քան 100 ուղևոր է եղել։ Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ միջադեպի ընթացքում օդանավը մոտ չորս հազար մետր բարձրություն է կորցրել։ Ինքնաթիռը սկզբում արտակարգ իրավիճակի ազդանշան է փոխանցել, ապա՝ օդանավի նկատմամբ անօրինական միջամտության մասին ազդարարող կոդ։ Ավելի ուշ այն կրկին վերադարձել է արտակարգ իրավիճակի կոդին։
Իսրայելի անվտանգության կառույցները, այդ թվում՝ բանակը, «Մոսադը» և «Շաբակը», միջադեպը դիտարկում են որպես հնարավոր ահաբեկչական գործողություն։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ դեռ պարզ չէ, թե օդաչուն ինչ նպատակ է հետապնդել՝ ինքնաթիռն Իսրայել տանել, գետնին բախել, թե այլ հարձակում իրականացնել։
Նախնական տվյալներով՝ կասկածյալը Օմանի քաղաքացի է։ Ըստ ուղևորներից մեկի՝ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին և փորձել նրան դուրս բերել օդաչուների խցիկից։ Տուժած օդաչուին օգնություն է ցուցաբերել ինքնաթիռում գտնվող իսրայելցի ատամնաբույժը։
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպից հետո երկրի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են օդ բարձրացրել, իսկ Իսրայելի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության ոլորտի պաշտոնյաների հետ։
«Flydubai»-ը հաստատել է, որ FZ1073 չվերթը միջադեպի է ենթարկվել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Ընկերությունը հայտնել է, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները անվտանգ են, և ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ Ընկերությունը նախատեսում է մեկ այլ ինքնաթիռ ուղարկել Սաուդյան Արաբիա՝ ուղևորներին Թել Ավիվ վերադարձնելու համար։







