ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ պատասխանել են լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի ընթացքում Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-Իրան հակամարտության համատեքստում Թուրքիայի դիրքորոշմանը, ինչպես նաև հուլիսի 7-ից 8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին իր մասնակցությանը։
Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թուրքիան ներգրավված չէ Իրանի շուրջ ընթացող ռազմական հակամարտության մեջ, և ինքը անձամբ խնդրել ու գոհ է, որ Անկարան զսպվածություն է ցուցաբերել։ Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին՝ Թրամփը բարձր է գնահատել նրա առաջնորդական որակները.
«Էրդողանը հիանալի առաջնորդ է, շատ ուժեղ անձնավորություն։ Նրա բանակն էլ է հիանալի։ Նա սիրում է Թուրքիան և հիանալի աշխատանք է կատարում, հարգված մարդ է, հարգված առաջնորդ և իմ ընկերն է»։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Թրամփն Անկարա կմեկնի Թուրքիայի համար «մեծ նվերով»՝ կապված ռեակտիվ շարժիչների վաճառքի և F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու լավ լուրերի հետ, ԱՄՆ նախագահը դրական է արձագանքել.
«Կարծում եմ՝ կգնամ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Որոշ մարդիկ Թուրքիային այդպես չեն տեսնում, բայց իրականում այդպես է։ Այն ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես երևի կանեմ մի բան, որը նրան (նախագահ Էրդողանին) շատ կուրախացնի»։
Թրամփը նաև հավելել է, որ եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում և հյուրընկալողը չլիներ Էրդողանը, ինքը հազիվ թե մեկներ այդ հանդիպմանը. «Ես մեկնում եմ նախագահ Էրդողանի հանդեպ հարգանքից դրդված»։ Ըստ Թրամփի՝ Թուրքիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում, հատկապես ռազմարդյունաբերության տեսանկյունից և ունի ռազմարդյունաբերական հսկայական բազա, այդ թվում՝ 3000 ընկերություն, որոնք գործում են ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքում։ «Մարդիկ չեն գիտակցում, թե որքան հզոր է Թուրքիան ռազմական առումով։ Էրդողանի շնորհիվ (Թուրքիան) ունի շատ ուժեղ բանակ»,-ընդգծել է Թրամփը։






