ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի ոստիկանապետ է նշանակվել հայազգի Ռոբերտ Ուիլյամը։ Այս մասին հաղորդում է US Armenia հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։ Սա Գլենդելի պատմության մեջ առաջին դեպքն է։ Փոխանցում է «Արմենպրես»-ը:
Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։ Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։
«Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը։ Սակայն իմ նպատակը երբեք առաջին հայ ոստիկանապետ դառնալը չի եղել։ Իմ նպատակը եղել է դառնալ այնպիսի ոստիկանապետ, որը կարող է քաղաքն անվտանգ պահել»,- նշել է նա։ Ըստ Ուիլյամի՝ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում։
«Հայկական ազգանուն չունեմ։ Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,-նշել է նորանշանակ ոստիկանապետը։
Նորանշանակ ոստիկանապետը նաև բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հետագայում ավելի կընդլայնվի։






