Ուկրաինան արդեն ստացել է Եվրամիության նոր՝ 90 միլիարդանոց վարկային փաթեթի առաջին տրանշը՝ 3 միլիարդ եվրո: Ինչպես հաղորդում է Tagesschau-ն, այս մասին Լեհաստանի Գդանսկ քաղաքում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Արդեն փոխանցված 3 միլիարդ եվրոն ուղղվելու է Կիևի բյուջետային ճեղքվածքների փակմանը և երկրի ֆինանսական կայունության ապահովմանը։ Բացի այդ, ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կհայտարարվի ևս 6 միլիարդ եվրոյի երկրորդ փոխանցման մասին, որն ամբողջությամբ ուղղվելու է անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։
Ընդհանուր փաթեթից 60 միլիարդ եվրոն նախատեսված է Ուկրաինայի պաշտպանողականության հզորացման համար։ Այս գումարի կեսը (45 միլիարդ եվրո) փոխանցվելու է այս տարի, իսկ մյուս կեսը՝ հաջորդ տարի։
Միևնույն ժամանակ, մեկնարկել է «Եվրոպական առաջատար հիմնադրամի» աշխատանքը, որը մասնավոր ներդրումներ է ներգրավելու Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման համար։ Ըստ վերջին տվյալների՝ պատերազմի հասցրած ուղղակի վնասն արդեն գերազանցում է 195 միլիարդ դոլարը, իսկ երկրի ամբողջական վերականգնման համար ընդհանուր առմամբ կպահանջվի շուրջ 587 միլիարդ դոլար։
Նշենք, որ ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկային փաթեթը հրատապ ֆինանսական և ռազմական աջակցության ծրագիր է, որը Եվրոպական միությունը հաստատել է Ուկրաինային երկարատև պատերազմի ֆոնին պետական սնանկացումից փրկելու և պաշտպանողականությունը պահպանելու համար։ Սկզբնապես ԵՄ-ն ցանկանում էր օգտագործել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները, սակայն իրավական խնդիրների պատճառով որոշվեց վարկը տրամադրել ԵՄ անդամ երկրների անունից՝ համատեղ պարտք վերցնելու միջոցով։ Ուկրաինան պարտավոր կլինի վերադարձնել այս վարկը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը երբևէ համաձայնի պատերազմական փոխհատուցում վճարել։ Հակառակ դեպքում՝ ԵՄ-ն իրեն իրավունք է վերապահում վարկի մայր գումարն ու տոկոսները փակել եվրոպական բանկերում սառեցված ռուսական կենտրոնական բանկի 210 միլիարդ եվրոյի ակտիվների հաշվին։







