Պակիստանի զինված ուժերը կիրակի ավիահարվածներ են հասցրել և ցամաքային գործողություններ իրականացրել Աֆղանստանին սահմանակից մի շարք նահանգներում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտնել է «BBC»-ն։
«Թալիբան» շարժման կողմից ղեկավարվող Աֆղանստանի կառավարությունը խստորեն դատապարտել է գործողությունները՝ դրանք որակելով «վախկոտ քայլ», «հանցագործություն» և «ոճրագործություն»։ Թալիբանի պաշտոնյաների տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է առնվազն 100 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Իր հերթին, Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել զինյալների թաքստոցներին, որոնց հետևանքով սպանվել է 29 գրոհային։ Նրա խոսքով՝ գործողությունները պատասխանն են եղել Պակիստանում խաղաղ բնակիչների դեմ վերջին ահաբեկչական հարձակումների։
Ըստ թալիբանական իշխանությունների՝ վերջին հարվածները հասցվել են Պակտիա, Պակտիկա և Կունար նահանգներում, իսկ ամենամեծ կորուստները գրանցվել են Պակտիկայի Մանդիխել գյուղում, որտեղ վնասվել են բնակելի տներ։
Հարձակումները հաջորդել են շաբաթ օրը Կարաչիում տեղի ունեցած մահապարտ ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել էին Պակիստանի սահմանապահ ուժերի երեք ծառայողներ։ Պատասխանատվությունը ստանձնել է «Ջամաաթ ուլ Ահրար» խմբավորումը, որը համարվում է «Թեհրիկ-ի Թալիբան Պակիստան» (TTP) շարժման ճյուղավորում։
Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային լարվածությունը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Չնայած կողմերը 2025 թվականի հոկտեմբերին հրադադարի համաձայնություն էին ձեռք բերել, այն հետագայում խախտվել է, և սահմանամերձ շրջաններում կրկին պարբերաբար բախումներ ու ավիահարվածներ են արձանագրվում։







