Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են նոր շրջանակային համաձայնագիր, որը պաշտոնապես ներկայացվում է որպես անվտանգության և կայունության հաստատման փորձ, սակայն միջազգային վերլուծաբանների գնահատմամբ այն կարող է ոչ թե ավարտել հակամարտությունը, այլ ամրացնել արդեն ձևավորված ստատուս քվոն, հայտնում է «Reuters»-ը։
Ըստ լրատվամիջոցի համաձայնագրի հիմնական գաղափարը կապված է Իսրայելի զորքերի դուրսբերման և Հեզբոլլահի զինաթափման փոխկապակցման հետ։ Սակայն Հեզբոլլահը կտրականապես հրաժարվում է զինաթափվելուց, իսկ Լիբանանի իշխանությունները չունեն բավարար ուժային և քաղաքական կարողություն դա պարտադրելու համար։ Այդ պատճառով էլ շատ փորձագետներ կարծում են, որ համաձայնագիրը գործնականում դժվար իրագործելի է։
Ըստ մի շարք վերլուծաբանների, այս իրավիճակում Իսրայելը ստանում է քաղաքական հնարավորություն պահպանելու իր ներկայությունը հարավային Լիբանանում՝ հիմնավորելով դա անվտանգության անհրաժեշտությամբ։ Իսկ Լիբանանի պետությունը հայտնվում է բարդ երկընտրանքի առաջ՝ մի կողմից պարտավորություններով, որոնք դժվար է իրականացնել, մյուս կողմից՝ սահմանափակ ինքնիշխանությամբ։
Ըստ լրատվամիջոցի այս համաձայնագիրը կարող է նույնիսկ բարձրացնել քաղաքացիական բախումների ռիսկը Լիբանանում, քանի որ Հեզբոլլահի զինաթափման ցանկացած փորձ կարող է սրել երկրի արդեն փխրուն համայնքային հավասարակշռությունը։ Այդ պատճառով էլ շատերը կասկածում են, որ փաստաթուղթը իրականում երբևէ ամբողջությամբ կիրականացվի։







