Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «CNN Türk» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ խոսելով նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի և տարածաշրջանային համագործակցության մասին։
Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի զարգացումները։ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Անկարայի համար կարևոր է հասկանալ, թե Մոսկվան ինչ որոշումներ կկայացնի այս ուղղություններով, քանի որ դրանք անմիջականորեն առնչվում են Թուրքիայի շահերին։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափին և համոզված է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։







