Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգում բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և հութի զինյալների միջև: Զոհվել է կառավարական ուժերի 16 զինծառայող, վիրավորվել՝ ևս 22-ը։ Հութիների շրջանում զոհերի թիվը հասել է 50-ի: Փոխանցում է «Ալ-Ջազիրան»:
Սա վերջին տարիների ընթացքում գրանցված ամենախոշոր ռազմական բախումն է Եմենում: Կառավարական ուժերի սպաներից մեկի խոսքով՝ հութիները հարձակումը սկսել են հուլիսի 3-ի ուշ երեկոյան և կարճ ժամանակով կարողացել են գրավել կառավարական դիրքերը։ Սակայն հուլիսի 4-ին շարունակված մարտերում, կառավարամետ ուժերին հաջողվել է հակահարձակման անցնել և մինչև լուսաբաց հետ վերադարձնել կորցրած դիրքերը։
«Սա վերջին տարիների ընթացքում հութիների իրականացրած ամենամահաբեր հարձակումն էր»,- նշել է սպան։ Նրա փոխանցմամբ՝ հութիները հիմնականում կիրառել են դիպուկահարների, ինչն էլ դարձել է կորուստների մեծ մասի պատառը, որից հետո դիրքերի ուղղությամբ արձակվել են հարվածային դրոններ ու ականանետային արկեր։
Հիշեցնենք, որ հութիների «Անսար Ալլահ» շարժումը Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ պատերազմում է 2015 թվականից։ Խմբավորումը վերահսկում է մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիսային հատվածի մեծ մասը, ներառյալ Կարմիր ծովի ափին գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հոդեյդա նավահանգստային քաղաքը։ Իսկ պաշտոնական կառավարությունը տեղակայվել է Ադենում և վերահսկում է երկրի հարավային շրջանները։







