ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է ընդունել Հաագայի հռչակագիրը, որի կազմում ներառվելու է Վրաստանի վերաբերյալ առանձին բանաձև՝ «Ազատ ընտրությունների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը Վրաստանում» վերնագրով։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն:
Փաստաթղթի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջո Ուիլսոնն է, որը հայտնի է որպես «Վրացական երազանք» կուսակցության կոշտ քննադատ և Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների նախաձեռնողներից մեկը։ Բանաձևի նախագծում մտահոգություն է արտահայտվում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացման, ինչպես նաև 2025 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում արձանագրված հնարավոր խախտումների վերաբերյալ։ Փաստաթղթում հիշատակվում են ձայների հնարավոր կեղծման, ընտրակաշառքի, այսպես կոչված «կարուսելների» կիրառման և ընդդիմադիր դիտորդների աշխատանքին խոչընդոտելու մասին հաղորդումները։
Նախագծում քննադատության են արժանացել նաև վերջին տարիներին ընդունված մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և բողոքի ակցիաների կազմակերպման նոր սահմանափակումները։ Ըստ փաստաթղթի հեղինակների՝ դրանք սահմանափակում են ՀԿ-ների, լրատվամիջոցների, խոսքի և խաղաղ հավաքների ազատությունը։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, վերանայել հիմնարար ազատությունները սահմանափակող օրենքները, անկախ հետաքննություն անցկացնել ընտրական հնարավոր խախտումների վերաբերյալ, ինչպես նաև վերականգնել դատական և ընտրական համակարգերի անկախությունը։ Փաստաթղթի վերջնական տարբերակը նախատեսվում է հաստատել հուլիսի 8-ին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ավարտին։







