ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հուլիսի 15-ին հանդիպել են Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության տնօրեն Աբդուլ Վահիդիի, փոխնախագահ Մուհամմադ Ալ Բալուշիի և Օմանի Սուլթանությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Ըստ նախարարության հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ հայկական թարմ պտուղբանջարեղենն Օման արտահանելու հնարավորությունները:
Արման Խոջոյանը ներկայացրել է կառավարության արտահանման խթանման քաղաքականությունը՝ ընդգծելով Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Խոջոյանը նաև ներկայացրել է Հայաստանի ինտենսիվ այգեգործության և ջերմատնային տնտեսությունների ներուժը։
«KV Group»-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծման նկատմամբ։ Այցի ընթացքում նրանք կայցելեն Հայաստանի մի շարք այգեգործական և ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրանքին և արտահանման հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը, կազմակերպել B2B ձևաչափով հանդիպումներ հայկական արտադրողների մասնակցությամբ և փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ համագործակցության գործնական ուղղությունները հստակեցնելու նպատակով։







