Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անակնկալ հարձակում է իրականացրել Սիրիայի Ալ-Թանֆ շրջանում գտնվող «թշնամական հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնի» վրա։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ գործողությունն ուղղված է եղել նախորդ գիշեր Իրանշահրում զոհված զինծառայողների արյան վրեժը լուծելուն։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածների հետևանքով ոչնչացվել են ռադարային համակարգ, հատուկ գործողությունների համար նախատեսված մի քանի ուղղաթիռ, ինչպես նաև սպանվել են մեծ թվով ամերիկացի զինվորականներ։
Զինվորական կառույցը նաև վերահաստատել է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողությունը շարունակում է մնալ իրանցի մարտիկների ձեռքում, և սպառնացել է, որ ԱՄՆ-ի գործողությունների շարունակման դեպքում տարածաշրջանից «ոչ մի կաթիլ նավթ կամ գազ չի արտահանվի»։
Նշենք, որ Իրանի դեմ ԱՄՆ ԶՈւ գործողությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ամերիկյան ուժերը Իրանի հարավում հինգ կամուրջ են թիրախավորել։ Նախնական տեղեկություններով՝ այդ օդային հարվածների հետևանքով կա առնվազն յոթ զոհ։







