Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակում, շուրջ կես ժամ տևած բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը։ Սա Լավրովի և Ռուբիոյի միջև արդեն չորրորդ անձնական հանդիպումն է։
Ռուսական պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցել են ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԱԳՆ արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը և ՌԴ նախագահի՝ ԱՍԵԱՆ-ում մշտական ներկայացուցիչ Եվգենի Զագայնովը։ Ամերիկյան կողմից ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սերջիո Գորը։
Հանդիպման սկզբում լրագրողներին թույլատրվել է նկարահանել առաջին կադրերը։ Այդ ընթացքում ամերիկացի լրագրողներից մեկը հարցրել է Ռուբիոյին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք նա Լավրովին հարցնել, թե Ռուսաստանն օգնում է արդյոք Իրանին թիրախների կոորդինատների տրամադրման հարցում։ Պետքարտուղարը հարցին չի պատասխանել։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Լավրովը Ռուբիոյին ներկայացրել է ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական գնահատականը և ընդգծել Ուկրաինային սպառազինության մատակարարումների շարունակման անթույլատրելիությունը։
Ռուսական կողմը նաև վերահաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման պատրաստակամությունը և իր հանձնառությունը Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի անվտանգության իրավիճակը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում։







