ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները։ Ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ կկայանա ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, ինչպես նաև կանցկացվի ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։
Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում՝ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգով։ Համերգից հետո Կապանի կենտրոնական հրապարակում նախատեսված է դիսկոտեկ։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Ծրագրի շրջանակում կթողարկվի նաև 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով փոստային նամականիշ, ինչպես նաև կանցկացվեն տարբեր մշակութային և երիտասարդական միջոցառումներ։
Միջոցառումներին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր երիտասարդական կազմակերպությունների անդամներ, որոնք ժամանել են Կապան՝ մասնակցելու ծրագրի միջոցառումներին։







