Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունում (CHP) շարունակվում են զանգվածային հրաժարականները։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հուլիսի 23-ին ժամը 20:00-ից սկսած էլեկտրոնային համակարգի միջոցով կուսակցությունից հրաժարականի գործընթաց է սկսել 91 պատգամավոր, որոնց թվում է նաև կուսակցության նախկին նախագահ Օզգյուր Օզելը։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հրաժարականները համակարգված կերպով են իրականացվել։ Նշվում է, որ Օզելը հրաժարականի դիմումը ներկայացրել է վերջինը՝ սպասելով, մինչև գործընթացն ավարտեն մյուս 90 պատգամավորները։
Այսօր պատգամավորները պետք է նաև թղթային տարբերակով՝ «թաց ստորագրությամբ», հրաժարականի դիմումները ներկայացնեն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանը և համապատասխան պետական մարմիններին, ինչից հետո գործընթացը պաշտոնապես կավարտվի։
91 պատգամավորի հեռանալուց հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ԺՀԿ-ի պատգամավորների թիվը 135-ից կնվազի 44-ի։ Արդյունքում կուսակցությունը կկորցնի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր ուժի կարգավիճակը։
Միաժամանակ սպասվում է, որ այսօր կհայտարարվի նոր քաղաքական կուսակցության՝ «Նոր կուսակցություն» (Yeni Parti)-ի ստեղծման մասին, որը կձևավորեն ԺՀԿ-ից հեռացած պատգամավորները։ Թուրքական մամուլի տեղեկություններով՝ նոր կուսակցության խորհրդանիշում նախատեսվում է օգտագործել «չար աչքից պաշտպանող» կապույտ ուլունքը։
Սպասվում է, որ Օզգյուր Օզելի գլխավորած նորաստեղծ կուսակցությունը, պատգամավորների թվով գերազանցելով մյուս ընդդիմադիր ուժերին, կդառնա Թուրքիայի խորհրդարանի նոր գլխավոր ընդդիմադիր ուժը։ Այս փոփոխությունների հետևանքով կվերակազմավորվի նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստերի դահլիճի նստատեղերի դասավորությունը, իսկ խորհրդարանում խմբակցությունների թիվը կհասնի յոթի։
Հիշեցնենք, որ Անկարայի դատարանը 2026 թվականի մայիսին անվավեր էր ճանաչել Ժողովրդահանրապետական կուսակցության 2023 թվականի 38-րդ համագումարի արդյունքները, որոնցով կուսակցության նախագահ էր ընտրվել Օզգյուր Օզելը։ Դատարանի որոշումից հետո կուսակցության ղեկավարությունը վերադարձել էր նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, ինչը խորացրել էր ներքին ճգնաժամը։ Դրան հաջորդած ամիսներին Օզելի կողմնակիցները հայտարարում էին նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին, իսկ այսօր այդ գործընթացը մտնում է գործնական փուլ՝ 91 պատգամավորի հրաժարականով և նոր կուսակցության ստեղծման հայտարարմամբ։







