Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն գյուղում գտնվող պատմական հայկական Էրգեն եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Այս մասին հայտնում է Ստամբուլում գոծող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։
Ըստ աղբյուրի՝ եկեղեցին, որը ժամանակին ծառայել է տեղի հայ համայնքի համար որպես աղոթատեղի, տարիներ շարունակ չի վերականգնվել։ Քարաշեն կառույցը զգալի վնասներ է կրել՝ առանց խնամքի մնալու, ինչպես նաև ապօրինի պեղումների հետևանքով։ Եկեղեցու քարերի մի մասը վնասվել կամ գողացվել է, իսկ պատերին տարբեր գրություններ են արվել։
Տեղի բնակիչները հիշեցնում են, որ եկեղեցին 2012 թվականին ճանաչվել է պահպանվող հուշարձան, սակայն մինչ օրս պատշաճ պահպանության տակ չի վերցվել։
Գյուղի բնակիչ Հայրի Յըլդըզը նշել է, որ եկեղեցու պահպանությունը կարող է նպաստել նաև մշակութային և ուխտագնացության զբոսաշրջության զարգացմանը։
«Եթե այս վայրը պահպանվի, այստեղ կգան մարդիկ Եվրոպայից, Երևանից և Ռուսաստանից, և մեր գյուղը կկենդանանա»,- ասել է նա։
Մեկ այլ բնակիչ՝ Մեհմեթ Օղուզը, ընդգծել է, որ եկեղեցին պատմական և մշակութային արժեք է, որի պահպանությունը կարևոր է, հակառակ դեպքում այն կարող է անվերադարձ կործանվել։







